Հայերի մտավախությունները բխում են պատմական դառը փորձից․ Ռուբեն Սաֆրաստյան
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների, մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ Եվրամիության գնահատականները պետք է, որ շատ ավելի կոշտ լինեին: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ հիմնականում լինում են անհատական քննադատություններ, բայց ընդհանուր առմամբ, որպես կառույց, ԵՄ–ն չի արտահայտում իր դիրքորոշումը:
«Ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին էլ Եվրամիությունը կփորձի կտրուկ քայլերի չդիմել Թուրքիայի հարցում, կշարունակի Թուրքիային պահել Եվրամիության հետ շփման մեջ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Եվրամիությունից պատճառաբանում են, որ Թուրքիա ուղղորդվող ֆինանսական օգնությունը փախստականների և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների համար է, չեն ցանկանում, որ նրանք զրկվեն ֆինանսական օժանդակությունից, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ դա պատճառներից միայն մեկը կարող է լինել:
«Չպետք է մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, հարաբերություններ ունի Եվրամիության մի շարք երկրների հետ, և նրանք ամեն կերպ կփորձեն Թուրքիային իրենցից շատ հեռու չթողնել: Էրդողանի քաղաքականությունը Եվրոպայում դժգոհություն է առաջացնում, բայց չեմ կարծում, որ Եվրոպան կոշտ դիրքորոշում կհայտնի»,- ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանը համաձայնեց դիտարկման հետ, թե ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը նաև որոշ չափով զսպաշապիկ են Թուրքիայի համար, ըստ նրա՝ այդ կառույցների կողքին մնալը Թուրքիային կարող է հեռու պահել ծայրահեղ քայլերի դիմելուց, ավելի ագրեսիվ լինելուց:
Անդրադառնալով Թուրքիայի ներքին կյանքում տեղի ունեցողի նկատմամբ հասարակական տրամադրություններին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ դժվար էլ այստեղ լուրջ ընդվզումներ լինեն:
«Իմ կարծիքով՝ հեղաշրջման փորձից հետո Էրդողանի վարկանիշը բարձրացավ, և նրա ձեռքերն արդեն ազատ են, նա կարողանում է անել այն, ինչը որ ուզում է, և որևէ քաղաքական կամ հասարակական ընդվզման նա չի սպասում: Իհարկե, Քրդստանի բանվորական կուսակցությունը կփորձի պատասխան տալ, բայց դրանք լայն արձագանք չեն ստանա: Էրդողանի ներկայիս վարչակազմը կարողանում է անել այն, ինչ-որ ցանկանում է»,- ասաց նա՝ նկատելով, որ այդ ճնշումները նրա համար են, որ Էրդողանին որևէ այլընտրանք չլինի:
Թուրքիայում կատարվողը՝ ձերբակալությունները, ճնշումները տարբեր խմբերի նկատմամբ, անհանգստություն են ստեղծում նաև հայ համայնքի մոտ, որը, ըստ թուրքագետի, հասկանալի է: «Նրանց մտավախությունները բխում են պատմական դառը փորձառությունից: Եթե Թուրքիայում տեղի են ունենում նմանատիպ իրադարձություններ, տուժում են նաև հայերը»,- ասաց նա՝ հավելելով, որ համայնքը այսպիսի իրավիճակներում կողմնորոշվում է արդեն իր տարիների փորձով:
Նա հիշեց`2003-ին, երբ Ֆրանսիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, Թուրքիան իր քաղաքականությունը կոշտացրեց Հայաստանի նկատմամբ՝ պարտադրելով, որ այստեղից Թուրքիա գնացող քաղաքացիները թուրքական հյուպատոսարաններով անցնեն:
«Հայերը ճամպրուկները պատրաստ սպասում էին, թե կարող է զանգվածային ճնշումներ լինեին համայնքի վրա և հնարավոր լիներ լքել Թուրքիան: Ես համոզված եմ, որ համայնքը մեծ փորձառություն ունի և գիտի, թե ինչպես դուրս գալ այդպիսի իրավիճակներից»,– ասաց նա:
Աղբյուր՝ Tert.am
allTurkey.am