Սիրիայի քրդերի հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջ է գալիս շահերի լրջագույն բախում. Գևորգ Պետրոսյան
«Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին մի քանի տարում լարվածություն պակաս չեն զգում: Լարվածության հիմնական աղբյուրներն են ԱՄՆ-ում բնակվող թուրք հասարակական-կրոնական գործիչ, Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավոր հակառակորդներից Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը և Սիրիայի քրդերին ամերիկյան աջակցությունը»,-ասաց փորձագետն ու շարունակեց. «Այս ամենից բխող կամ սրան զուգահեռ այլ խնդիրները, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Երուսաղեմին առնչվող զարգացումները, ձևավորում են ճգնաժամ թուրք-ամերիկյան հարաբերություններում»:
Գևորգ Պետրոսյանի փաստմամբ՝ Էրդողանի համար ինչպես իր իշխանության, այնպես էլ անձնական առումով մեծ կարևորություն ունի Գյուլենի և նրա համախոհների դեմ պայքարը, իսկ ասել, թե Թուրքիայի համար քրդական խնդիրը կարևոր է, նման է ոչինչ չասելուն, քանի որ քրդական հարցը ոչ միայն Թուրքիայի ներքին կյանքը, այլ նաև արտաքին քաղաքականությունը ձևավորող գլխավոր գործոններից է, հաճախ՝ հենց գլխավորը:
«Եթե Գյուլենի հետ կապված գործընթացները հանգեցրին այն իրավիճակին, որ մի քանի ամսով Թուրքիան և Միացյալ Նահանգները փոխադարձ դադարեցրեցին մուտքի վիզաների տրամադրումը, ապա ճգնաժամի ամենանոր փուլն արդեն ամերիկյան կողմի՝ Սիրիայի քրդերի ռազմական օժանդակություն ցուցաբերելու հետևանք է»,-մանրամասնեց թուրքագետը:
Վերջինիս համոզմամբ՝ եթե Գյուլենի հարցում Անկարան կարող է և ցուցաբերել որոշակի համբերատարություն, ապա քրդերի հարցում թուրքական կողմը նման «ճոխության» հնարավորություն չունի, քանի որ սա կարող է բացասաբար ազդել Թուրքիայի շահերի ու հետաքրքրությունների վրա:
Անդրադանալով այս համատեքստում Սիրիայի հյուսիս քրդերի և մասնավորապես նրանց ռազմական ու քաղաքական ներկայացուցիչների ու ԱՄՆ հարաբերություններին, վերլուծավաբանն ընդգծեց, որ Թուրքիան լրջագույն ջանքեր է գործադրում՝ կանխելու ցանկացած աջակցություն «Ժողովրդի պաշտպանության միավորմանը»՝ YPG-ին, և ընդհանրապես կապ չունի՝ այդ օժանդակությունն ամերիկյան է, ռուսաստանյան, թե ցանկացած այլ պետության:
«Սիրիական հակամարտությունում Ռուսաստանի դերի բարձրացումից հետո ԱՄՆ-ի համար քրդերն առավել մեծ կարևորություն են ստացել որպես Մոսկվայի ու Թեհրանի ազդեցության հակազդման միջոց ու Սիրիայում սեփական ներկայությունն ապահովող ուժ»,-ասաց Գևորգ Պետրոսյանը հավելելով, որ ներկայում ԱՄՆ-ն քրդական ուժերի բազայի վրա փորձում է ստեղծել 30 հազար հոգի անձնակազմ ունեցող Սահմանի պաշտպանության ուժերը:
Ահա այստեղ էլ, ըստ զրուցակցիս, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջ է գալիս շահերի լրջագույն բախում, իսկ հարցը մեծագույն կարևորություն ունի կողմերի համար:
«Թուրքիան չի կարող ընդունել քրդերին ռազմական օժանդակությունը, Միացյալ Նահանգներին էլ պետք է առավել շոշափելի դարձնի ներկայություն Սիրիայում»,-ասաց նա:
HayNews.am-ի այն հարցին, թե այս իրավիճակում, տրածաշրջանում հնարավոր են ուժերի վերադասավորում, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Տարածաշրջանում շարունակաբար ընթանում են ուժերի վերադասավորումներ, ընդ որում, բավական արագ: Այս պահի ուժերի դասավորվածությունը հատկապես Սիրիայում թուրքական կողմի շահերից չի բխում»:
Թուրքագետի համոզմամբ՝ ամերիկյան աջակցությունը Սիրիայի քրդերին կարող է լուրջ ազդեցություն թողնել Սիրիայում, ընդ որում, Թուրքիային սահմանակից հատվածում:
«Այսպիսով, մի կողմից քրդերի հնարավոր ուժեղացումը, մյուս կողմից՝ Թուրքիայի կողմից հակառակորդ սիրիական կառավարական զորքերի հետագա հաջողություններն էլ ավելի են սահմանափակում Անկարային, որն այս վիճակից դուրս գալու քայլեր է փնտրում, այդ թվում՝ նաև Սիրիայի հյուսիսում քրդական անկլավ Աֆրինի դեմ ռազմական գործողությունները»,-եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:
Աղբյուր՝ Haynews.am
allTurkey.am