Թուրքիան ստորջրյա խողովակաշարով ջուր է մատակարարում Կիպրոս կղզուն

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

2011 թվականին Թուրքիայում մեկնարկեցին դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ, այն աշխարհում ճանաչել է միայն Թուրքիան) ջուր հասցնելու խոշորամասշտաբ նախագծի իրագործման աշխատանքները։ Նախատեսվում էր Մերսինի նահանգի Անամուր քաղաքի մոտ գտնվող Ալաքյոփրուի ջրամբարից ջուրը ստորջրյա խողովակաշարով Միջերկրական ծովով ուղղել դեպի ՀԿԹՀ։

Խողովակաշարի ստորջրյա  հատվածի երկարությունը կազմում է 80 կմ, իսկ ընդհանուր երկարությունը՝ 106 կմ։ 1600 մմ տրամագծով խողովակաշարը Տավրոսի լեռներից սկիզբ առնող Անամուր գետի ջրերից Հյուսիսային Կիպրոս է հասցնում տարեկան 75 մլն մ3 ջուր, որի 50,3%-ը (37,76 մլն մ3) օգտագործվելու է խմելու, իսկ մնացյալ 49․7%-ը (37,24 մլն մ3)՝ ոռոգման նպատակով։

Այդպիսով լուծվելու է Հյուսիսային Կիպրոսի 50-ամյա վաղեմության ջրային խնդիրների հարցը։  Ստորջրյա խողովակաշարը գտնվում է 20-280 մ բարձրության վրա, ինչը ստեղծում է նրա հետ թուրքական սուզանավերի բախման վտանգ։ Դրանից խուսափելու համար խողովակաշարի վրա տեղադրվել են համապատասխան զգուշացնող սարքեր։ Ակնհայտ է, որ Թուրքիան առաջիկայում մեծ քանակությամբ ջուր է վաճառելու տարածաշրջանի՝ ջրով աղքատ երկրներին։

Աղբյուր՝ Հայկ Գաբրիելյանի բլոգ

allTurkey.am