«Բարաքյա՞թի», թե՞ «դարդի» աղբյուր. Թուրքիայի ընտրությունը. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ
1940-ականներին Թուրքիայի Բաթման նահանգում (Սասունն այժմ մտնում է այս նահանգի մեջ) հայտնաբերվեցին նավթահանքեր, իսկ 1955թ. Բաթմանում արդեն կառուցվեց նավթավերամշակման գործարան: Սակայն 1950-60-ականներին Թուրքիայում նավթի փնտրտուքը չտվեց սպասված արդյունքը (ներկա դրությամբ Թուրքիայում սպառվող նավթի 92%-ը, ինչպես նաև գազի 98%-ը ներկրվում է), և թուրքական կողմն աճող տնտեսության ու բնակչության էներգետիկ կարիքներն ապահովելու համար հայացքն է՛լ ավելի հառեց գետերին (հիդրոէներգիա)։ Դեռևս 1934թ. Թուրքիայում ԽՍՀՄ դեսպանը Թուրքիայի նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ հանդիպման ժամանակ պատմել էր ԽՍՀՄ-ում կատարվող ջրային խոշոր նախագծերի մասին, որոնք հատկապես առնչվում էին Դնեպր գետին: Լսելով այդ ամենը՝ Աթաթուրքը հայտարարում է, որ իրենք նույնպես կարող են Թուրքիայում իրագործել նմանատիպ նախագծեր: Եվ ահա 1936թ. Թուրքիայում ստեղծվեց Էլեկտրական գործերի հետազոտական վարչությունը (EIEI), իսկ 1938թ. Քեբանի շրջանում սկսվեցին երկրաբանական ու քարտեզագր

ման աշխատանքներ (Եփրատ գետի վրա առաջին խոշոր ջրամբարը 1965-1973թթ. կառուցվել է հենց Քեբանի շրջանում):

Fırat Nehri'nden 27 milyar dolar enerji geliri

1955թ. Թուրքիայի Ջրային տնտեսության վարչության պետ է դառնում մասնագիտությամբ ինժեներ Սուլեյման Դեմիրելը (հետագայում քանիցս դառնում է Թուրքիայի վարչապետ, ինչպես նաև նախագահ), ով ջրամբարներ ու հէկեր կառուցելը կարևորում է մարդկանց, հողին (գյուղերին) խմելու (մաքուր) ջուր տալու, երեկոյան ժամերին գյուղերը լուսավորելու, էժան ու բավականաչափ էլեկտրաէներգիա ստանալու համար (այդ ժամանակ գյուղացիներն անձրևապաշտ էին դարձել): Դեմիրելը նպատակադրվում է Թուրքիայում հիդրոէներգիայի օգտագործմամբ արտադրել 100 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք կլիներ 100 մլն տ ածխի կիրառումից ստացվելիք էլեկտրաէներգիայի:

Դեմիրելի կարծիքով՝ Թուրքիան այդ ժամանակ ուներ 3 հիմնական խնդիր՝ սելավներ, երաշտ ու խավար (երեկոյան ժամերին): Նրա պլանի համաձայն՝ նախատեսվում էր ջրամբարների օգնությամբ հավաքել ձմեռային ջրերը, դրանով իսկ հովիտները փրկել ջրհեղեղներից, տները՝ քանդվելուց, հողերը՝ քարերով ու ավազով լցվելուց, այսինքն օգտագործման համար անպիտան դառնալուց: Բացի այդ, ամբարված ջուրը պետք է օգտագործվեր ինդուստրալացված գյուղատնտեսության կարիքների համար և ճահիճներ չորացնելու նպատակով: Դեմիրելի մտահղացմամբ՝ ջրամբարները պետք է դառնային Թուրքիայի բնակչությանը բարօրություն բերող, թուրքական պետությանը՝ եկամուտ ապահովող հուշարձաններ:

İlgili resim

Մասնավորապես, Եփրատ գետն ունակ էր պարգևել բավականաչափ, էժան ու անվտանգ էլեկտրաէներգիա: Դեմիրելը Եփրատ գետի վրա առաջին խոշոր ջրամբարի՝ Քեբանի ջրամբարի կառուցման մեծ ջատագով էր՝ նշելով, որ Եփրատը Թուրքիայի ջրերի 1/10-ից էլ ավել մասը տանում է դեպի Բասրա (Իրաք), և որ Սիրիա մտնելուց առաջ Եփրատի ջրի ծախսը կազմում է 40 մլրդ մ3, ինչը փոքր ինչ գերազանցում է ջրի այն խմբաքանակը, որն իր հետ Եգիպտոս բերում է Նեղոսը: Դեմիրելի խոսքերով՝ Քեբանի շուրջ կան բազմաթիվ հանքեր և հէկից ստացվելիք էլեկտրաէներգիայի շնորհիվ հնարավոր կլինի դրանց շահագործումը, պարարտանյութերի, քիմիական կամ ծանր արդյունաբերության հիմնումն ու այդպիսով նոր աշխատատեղերի ստեղծումը: 1965թ. Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմում էր 4-4.5 մլրդ կվտ/ժամ, մինչդեռ նախատեսվում էր, որ միայն Քեբանի հէկը կարտադրի այդչափ և անգամ ավելի էլեկտրաէներգիա: Այդ համատեքստում Քեբանը պետք է դառնար մեկնակետ: Ինչպես հայտարարում էր Դեմիրելը, եթե կա էլեկտրականություն, ապա կլինի նաև արդյունաբերություն, իսկ եթե չկա էլեկտրականություն, ապա չկա նաև արդյունաբերության հնարավորություն: Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Դեմիրելը չէր սխալվել։

Fırat Nehrinden 27 milyar dolar enerji geliri elde edildi

2018թ. հոկտեմբերի վերջին թուրքական մամուլը գրեց, որ Եփրատ գետի վրա կառուցված ջրամբարների հիդրոէլեկտրակայաններից վերջին 25 տարում էլեկտրաէներգիայի արտադրությունից ստացվել է 27 մլրդ դոլարի եկամուտ։ Այդ մասին հայտարարեց «Հարավ-արևելյան անատոլիական» նախագծի (GAP) Տարածաշրջանային զարգացման վարչության (BKİ) պետ Սադրեթթին Քարահոջագիլը. «GAP-ի շրջանակներում նախատեսված է կառուցել 22 ջրամբար, 19 հիդրոէլեկտրակայան և ոռոգման ջրանցքներ։ Ներկա դրությամբ ավարտվել է 15 մեծ ու փոքր ջրամբարի կառուցումը։ Թուրքիան գրեթե ամբողջովին օգտագործում է Եփրատ գետի էներգետիկ ողջ հզորությունը։ Եփրատի վրա կառուցված Քեբանի, Քարաքայայի, Բիրեջիքի ու Քարքամըշի ջրամբարներն աշխարհի խոշորագույն ջրամբարների թվում են։ Բացի այդ, Եփրատի վրա կառուցվել է Աթաթուրքի ջրամբարը, որի հիդրոէլեկտրակայանի հզորությունը կազմում է 2400 մեգավատտ։ 25 տարում սրանց արտադրած էլեկտրաէներգիան կազմել է 30 միլիարդ մվտ/ժամ, որը համարժեք է մոտ 25 միլիարդ դոլարի։ Տիգրիս գետի վրա շինարարությունը դեռ ընթացքի մեջ է։ Քըրալ Քըզըի ու Դիջլեի ջրամբարների կառուցումը գտնվում է ավարտական փուլում, Բաթմանի ջրամբարը գործում է։ Ոռոգման ու էներգետիկ տեսանկյունից մեծ նշանակություն ունի Սիլվանի ջրամբարը։ Ընթացքի մեջ է նաև Ըլըսուի ջրամբարի կառուցումը։ Տվյալ տարածաշրջանի ջրամբարներին է բաժին ընկնում Թուրքիայում հիդրոէներգիայի արտադրության ուղիղ կեսը։ Տարածաշրջանի ջրամբարները լուրջ ներդրում ունեն էլեկտրաէներգիայի ներկրման նվազեցման գործընթացում։ Արտադրվող էլեկտրաէներգիան հիմք է ծառայում տարածաշրջանում այլ ներդրումների ու տարածաշրջանի ֆինանսավորման մեծացման համար։ GAP-ը վերածվում է «ինքն իր համար վճարող» նախագծի։ Տարածաշրջանն ունի էներգետիկ ու հողագործական շատ լուրջ պոտենցիալ»։

İlgili resim

Հիշեցնենք, որ 1980թ. իր անվանումը ստացած GAP-ը համարվում է զարգացման/ինտեգրման 9-րդ խոշորագույն նախագիծն աշխարհում։ Ի դեպ, Դեմիրելը գտնում էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի բերած նորույթներից մեկը զարգացումն էր, ընդ որում՝ զարգացումը ոչ թե առաջադեմ, այլ հետամնաց երկրների խնդիրն էր. մարդկանց սովից, աղքատությունից, անգրագիտությունից փրկելը, երջանկություն, բարգավաճում ու ժպիտ պարգևելը: GAP-ն առնչվում է Թուրքիայի տարածքի 9.7%-ին՝ 75.358 կմ2 (9 նահանգ) և նախատեսում է ոռոգել Թուրքիայի ոռոգելի ողջ հողերի (8.5 մլն հեկտար) 20%-ը: GAP-ի շրջանակներում նախատեսված է Եփրատի ու նրա վտակների վրա կառուցել 14 ջրամբար և 11 հէկ, իսկ Տիգրիսի վրա՝ 8-ական ջրամբար ու հէկ, որով վերահսկողության տակ կառնվի Թուրքիայի ջրային պոտենցիալի 28-29%-ը: Նախագիծը գնահատվում է 32 մլրդ դոլար։

İlgili resim

Սադրեթթին Քարահոջագիլի ներկայացրած տվյալները վկայում են, որ միայն Եփրատի գետի միայն հէկերից ստացվել է այդ գումարի մեծ մասը՝ էլ չխոսած Եփրատի ու նրա վտակների ջրերով ոռոգումից ստացված եկամուտների մասին։ Փաստորեն Թուրքիան Եփրատ գետից միայն էլեկտրաէներգիա ստանալու կտրվածքով վաստակում է տարեկան ավելի քան 1 մլրդ դոլար։ Այժմ Եփրատի գրեթե ողջ էներգետիկ հզորությունը հիրավի օգտագործվում է, մինչդեռ Տիգրիսի հերթը կարելի է ասել, որ նոր է հասնում։ Ըլըսուի ջրամբարն ու հէկը Թուրքիայի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկն է և Տիգրիսի վրա կառուցված խոշորագույն հիդրոհանգույցը (անցյալում Թուրքիան ջրային խոշոր նախագծեր չի իրականացրել Տիգրիսի վրա, քանի որ Տիգրիսի թուրքական հատվածը գտնվում էր լեռնային դժվարամատչելի տեղանքում)։ Նախագիծն արժեցել է 8.5 մլրդ լիրա (մոտ 2 մլրդ դոլար)։ Ջրամբարի տարողությունը կազմում է 10.4 մլրդ մ3 (այդ ցուցանիշով այն զբաղեցնում է 4-րդ տեղը Թուրքիայում), ամբարտակի բարձրությունը՝ 135 մ, հէկի հզորությունը՝ 1200 մեգավատ, այն տարեկան արտադրելու է 4,12 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (Ըլըսուի հէկ-ը հանդիսանալու է Թուրքիայի չորրորդ խոշոր հէկը՝ Եփրատ գետի վրա կառուցված Աթաթուրքի, Քարաքայայի ու Քեբանի հէկերից հետո)։ Թուրքական կողմի պնդմամբ՝ Ըլըսուի հիդրոհանգույցը տարեկան 1.5 մլրդ լիրայի ներդրում կունենա Թուրքիայի տնտեսության մեջ (օրական կտրվածքով 4.1 մլն լիր կամ մոտ 1 մլն դոլար)։

ılısu barajı ile ilgili görsel sonucu

Ինչպես ժամանակին դիպուկ նկատել է Սուլեյման Դեմիրելը, զարգացած երկրների համար գետերն այսօր բարաքյաթի, բարօրության ու երջանկության աղբյուրներ են, մինչդեռ չզարգացած երկրների համար՝ դարդի ու տառապանքների աղբյուր։ Եվ ահա նաև նույն Դեմիրելի զգալի ջանքերի շնորհիվ է, որ Եփրատն ու Տիգրիսը Թուրքիայի համար այսօր դարձել են հենց «բարաքյաթի» և ոչ թե «դարդի» աղբյուր։ Ավելին, նույն այդ ջանքերի շնորհիվ է, որ տվյալ գետերը «դարդի» աղբյուր են դարձել Թուրքիայի հարևան երկրների համար, քանի որ Թուրքիան, ջրամբարներ կառուցելով, հասավ նրան, որ կարողանում է վերահսկել Եփրատի ու Տիգրիսի գետահոսքը և ջրային լուրջ լծակ (հզոր խաղաքարտ) է ձեռք բերել նրանց հանդեպ։ Դեմիրելը չէր սխալվել՝ հայտարարելով, որ Տիգրիսն ու Եփրատը ծառայում են Թուրքիայի բարօրությանն ու երջանկությանը։ Եվ պատահական չէ, որ Թուրքիայում տարածում են գտել նրա վերաբերյալ հետևյալ թևավոր խոսքերը. «Եփրատը խեղդեց մի Սուլեյմանի (Օսմանյան պետության հիմնադիր Օսմանի պապ Սուլեյման Շահին), սակայն եկավ մյուս Սուլեյմանը և ինքը խեղդեց Եփրատը» (“Bir Süleyman geldi, Fırat’ta boğuldu, bir Süleyman da geldi, Fırat’ı boğdu“): Այդպիսով Թուրքիան խոշոր գետերի հարցում կատարել է իր ընտրությունը («բարաքյա՞թ», թե՞ դարդ) և ցույց է տվել, թե ինչպես կարելի է վարվել նավթի (ու գազի) բացակայության դեպքում։ Ընդ որում՝ եթե 20-րդ դարում զգալի թիվ են կազմել «նավթային կոնֆլիկտները», ապա 21-րդ դարում դրանց փոխարինելու են գալիս «ջրային կոնֆլիկտները», որոնցում Թուրքիայի դիրքերն անհամեմատելի ուժեղ են։ Այս ամենին հավելենք նաև այն, որ եթե նավթն ունի այլընտրանք, ապա ջուրը չունի այլընտրանք։

Աղբյուր՝ ScanNews.am
allTurkey.am

One Reply to “«Բարաքյա՞թի», թե՞ «դարդի» աղբյուր. Թուրքիայի ընտրությունը. Հայկ Գաբրիելյան”