«Սասնայ Ծռեր» դիւցազներգութիւնը ու դրա յիշողութիւնը իսլամացուած ու ծպտեալ քրիստոնեայ սասունցիների շրջանում
Սոֆիա Հակոբյան, թուրքագետ
«Սասնայ Ծռեր» էպոսի մասին ինչ էլ խօսենք, ինչ էլ մեկնաբանենք՝ քիչ է լինելու ու կիսատ: Ի հարկէ՝ կարող ենք կրկին ու կրկին հիանալ, հպարտանալ ու երբեմն էլ ապշել հայ ժողովրդի՝ այս ստեղծագործութեան մէջ ներդրած իմաստութեամբ, անծայրածիր սիրով, հաւատքով ու արժէքային համակարգով, սակայն այդ մասին կարելի է խօսել անվերջ, եւ մենք դա կը թողնենք առաւել փորձառու մասնագէտներին ու այդ շնորհն ունեցող ասացողներին:
«Սասնայ տուն», «Ջոջանց տուն», «Սասնայ ծռեր» եւ մի շարք այլ անուններով յայտնի էպոսը, որն իրաւամբ հայ բանահիւսութեան գլուխ գործոցն է, պատմուել, մշակուել ու ապրուել է տասնեակ, գուցէ հարիւրաւոր սերունդների կողմից ու թւում է թէ աւելացնելու, տնտղելու կամ վերարտադրելու այլեւս ոչինչ չկայ: Բայց…
Էպոսը լաւագոյնս կարելի է ու պետք է զգալ հենց Սասունում: Գտնել այն շէկ, չարաճճի ու այծերի գլուխը համբուրող փոքրիկ հովիւների, քարքարոտ ու կոպիտ ժայռերի, դրանց միջից ծիլ տուող մէկ մեթրանոց վայրի կակաչների, քիլոմեթրերով երեխաներին շալակն առած քայլող կանանց, չիպուխը բերանից չհեռացնող ալեհեր ծերունիների, բարձրահասակ ընկուզենիների շողքի մէջ: Ու թէեւ մենք այլեւս այստեղ չէինք՝ այո՛, էպոսը շարունակեց ապրել նոյն վայրում, նոյն լեռների արանքում:
Անհերքելի է, որ ցեղասպանութիւնը նաեւ այն կէտն է, որը տարել է մեզանից ոչ միայն միլիոնաւոր կեանքեր ու հայրենիք, այլեւ այդ հայրենիքում մնացած ամէն ինչ՝ կորած ազգականներից, մշակութային յիշողութեան մի մասից մինչեւ անգամ էպոսի պատումներ: Այո՛, էպոսը նոյնպէս:
Իրականում աւելի քան 2 հազարամեակ մեր մէջ ապրող ու եփուող էպոսը գրի առնելու ու հաւաքագրելու ժամանակը պատմութեան կտրուածքով մեզ համար չափազանց նեղ ու քիչ է եղել. մէկ դարից էլ պակաս: Գարեգին Սրվանձտեանի կողմից 19-րդ դարում սկսուած աշխատանքները հնարաւորինս սեղմ ժամկէտներում կարողացել են կուտակել ահռելի մի ժառանգութիւն, իսկ 1915-ից յետոյ Արեւմտեան Հայաստանի՝ մեր երեսին շրխկացած դուռը ստիպեց բաւարարուել եղածով: Այսպիսով հայ ուսումնասիրողները աւելի քան մէկ դար՝ ցեղասպանութիւնից ի վեր էպոսը տեղում ուսումնասիրել շարունակելու հնարաւորութիւն գրեթէ չունեցան:
Կայի՞ն, մնացի՞ն Սասունում դեռեւս չգրանցուած, ուշադրութեան արժանի ու տարբերուող պատումներ… Կային:
Շատ չէ, մօտ 30 տարի առաջ, երբ Սասունի լեռներում դեռ կարելի էր տասնեակ քրիստոնեայ եւ հայախօս ընտանիքներ գտնել՝ էպոսն իր տարբեր պատումներով կազմում էր երեխաներին պատմուող հեքիաթների, ձմրան երեկոներին աշխարհից կտրուած խուլ լեռնային գիւղերում վառարանի կողքին հաւաքուած բազմաքանակ ընտանիքների տարեցների զրոյցների անբաժանելի մասը:
1970-80-ականներին Թուրքիայի ամբողջ տարածքում աքթիւացած ուրպանիզացման գործընթացը, Սասունի հայերի՝ կրօնական ու ազգային հողի վրայ կրած նոր հալածանքների ծանր շրջանը իր ահռելի հետքը թողեց տեղի բանահիւսութեան, բարբառի կենդանութեան ու ազգային յիշողութեան վրայ:
Այսօր արդէն Էպոսի ու դրա հերոսների ոգու ներկայութիւնը ներկայի Սասունում նման է մի մաշուած, պատառոտուած գրքի էջերի, դրանք երբեմն միմեանցից անկախ ու արդէն անկապակցուած են ու թափառում են տեղի օդում, սակայն դրա շունչը, յիշողութիւնը վստահօրէն զգացւում է, ապրւում ու շարժւում:
Էպոսը դեռեւս յիշող ու թէկուզ որոշակի հատուածներ պատմել կարողացող վերջին ողջ Մոհիկեաններին փնտռեցինք ոչ միայն Սասունում, այլեւս Սթանպուլ արտագաղթած քրիստոնեայ սասունցիների շրջանում, նաեւ Մուշում, Տիարպեքիրում եւ այլուր:
Կեանքիս ամենամեծ ձախողումն ու անճարութեան զգացումը երեւի թէ զգացել եմ հենց այդ օրերին՝ Խուլբի շրջանի Փասուր գիւղի քրտացած հայ ընտանքիներից մէկի տան շեմին, երբ պարզուեց, որ պատմական Սասունի արեւմտեան հատուածը հանդիսացող եւ ներկայում Տիարպեքիրի մաս կազմող այս ամբողջովին քրտախօս տարածքում հայկական էպոսը դեռեւս յիշող միակ մարդը հիւանդութեան պատճառով կորցրել է խօսելու ունակութիւնը:
Ամենատարեց գելիէգեգուզանցի սասունցի հայը, որը Փասուր է տեղափոխուել վերջին մի քանի տասնամեակում եւ այդ ընթացքում իսլամին իր հաւատարմութիւնը հասցրել է ապացուցել Մեքքա ուխտագնացութեամբ, տեղի ամենայարգուած մարդկանցից է:
Չափազանց ծեր ու հիւանդ «հաճին», սակայն, որքան էլ ուզէր՝ գրեթէ կիսամեռ վիճակում բերանը անյոյս բացել-փակելուց զատ որեւէ հնչիւն արտասանել իսկապէս չէր կարողանում: Ինքը շատ էր ուզում պատմել, իսկ մենք՝ լսել, սակայն երկուսս էլ ուշացել էինք, շատ էինք ուշացել:
Միայն այստեղ, միայն այս կէտում է գիտակցւում, թէ որքան շատ, որքան ահռելի, որքան անասելի շատ են մեր բաց թողածները այս 100 տարուայ լռութեան, տարածութեան, կտրուածութեան մէջ:
Հենց այդ պատճառով «Միայն թէ այստեղ էլ ուշացած չլինեմ» միտքը միակ բանն էր, որ պարբերաբար զբաղեցնում էր ուղեղս Խուլբից դէպի Սասունի մէկ այլ անկիւն՝ Սասունի ամենաբարձրադիր Փիրշենք գիւղն ընկած ճանապարհին, որտեղ հասնելու մեր միակ նպատակը նա էր՝ 97-ամեայ Հոռիմս տատիկը:
Հոռիմս տատի դէպքում աւելի քան բախտաւոր էինք, եզակի բախտաւորներից. Սասունի ամենատարեց հայուհին մահացաւ մեր զրոյցից ամիսներ անց, իսկ մինչ այդ հասցրեց, երեւի թէ վերջին անգամ, վերյիշել «Քաջանց տունը»:
«Դաւի՞թ, Դաւիթը… Հմմմ», մինչեւ Հոռիմս տատը ի մի էր բերում իր գրեթէ մէկդարեայ յիշողութիւնը, հարեւաններն ու ազգականները արաբերէնով միաբերան պնդում էին. «Ի զուր մի՛ փորփրի, չի յիշելու, շատ մեծ է, գուցէ չգիտի էլ»:
Անցաւ մի ամբողջ օր եւ միւս առաւօտ, երբ արդէն յուսահատուած սկսել էինք տան դիմացի այգում ճակնդեղ հաւաքել, յանկարծ լսուեց աւելուկ հիւսող Հոռիմս տատի ցածր ձայնը, որ ինչ-որ բան էր քչփչում քթի տակ.
«Հաա… Դաւիթը, Դաւիթը… Հըպը իմալ չըմ գինը» (Սասունի բարբառով՝ «Ինչպէ՞ս չգիտեմ»)…
Սասունի Քաղկիկ գիւղում՝ հենց Սասնայ բերդի մօտակայքում ծնուած ու մեծացած Հոռիմս տատի դէմքը ուրախ երանգներ ստացաւ, պայծառացաւ, երբ յիշեց, որ իր քիչ թէ շատ անհոգ տարիները՝ ամբողջ մանկութիւնն անցել է Դաւթի բերդի բարձունքի ետեւի հատուածի լանջերին՝ գառներ ու այծեր արածեցնելիս:
«Է՜, իդա բերդի ետեւ մըր օշխար լը էծ կ’առնէինք կ’երթայինք, հըպը լաօ, իմալ չըմ գինը, իդա բերդ Դաւիթ շինեց, ուր ախպեր կար Վեքիր, դուն գինա՞ս Վեքիրը, հըպը Վեքիր լը Դաւիթ կային, իդա բերդ իդա քիղ իդա հուղ հըմեն թաւապաններ հայերունն իր, Սասուն քուրտ չիկար հը, հայ կար, խլսանք, արաբի լը կար, ամա քուրտ չիկար հին զամաններուն, իսոնք յետոյ էգան» (Մեր ոչխարներին ու այծերին վերցնում, տանում էինք այդ բերդի ետեւը, ի հարկէ զաւակս, ինչպէ՞ս չգիտեմ, այդ բերդը կառուցել է Դաւիթը, նա եղբայր ունէր Վեքիր անունով, դու գիտե՞ս Վեքիրի մասին: Ի հարկէ, կային Վեքիրը եւ Դաւիթը, այդ բերդը, այդ գիւղը, այդ հողը, բոլոր տները հայերինն էին, Սասունում քիւրտ չկար, հայ կար, քչացանք, արաբ էլ կար, բայց այդ հին ժամանակներում քիւրտ դեռ չկար, սրանք յետոյ եկան), սկսեց պատմել Հոռիմս տատը:
Երբ նրա յիշողութիւնն է՛լ աւելի թարմացնելու ու պարզեցնելու համար հարցրինք, թէ տեղեա՞կ է այդ դարերում հայերի ու արաբների հակամարտութեան մասին, նրա փոխարէն արաբերէնով շտապեցին պատասխանել արաբացած հայ հարեւանները, թէ՝ «Նման բան չի եղել, հայն ու արաբը բարեկամ են եղել միշտ»: Խեղճերը միամտօրէն մոռացել էին, որ հարց տուողն էլ է սասունցի ու անկախ բնակութեան վայրից՝ դասական սասունցի, այսինքն՝ յամառութեան մարմնացումն: Նորից եմ հարցնում.
«ճօճօ՛ (տատիկ), հայերու ու արաբներու մէջ հարփ (պատերազմ) էղա՞ւ Սասուն»:
Նորից են հակառակւում երիտասարդները, այս անգամ թուրքերէն. «Աման, չկայ նման բան»:
«Էլպէթ լաօ, հարփ ըրին, հըպը իմալ» (Անշուշտ, զաւակս, պատերզմեցին, հապա ինչպէ՛ս), բոլորի բերանը փակեց Հոռիմս տատը:
Սասնայ բերդը, որի բարձունքի ետեւի լանջին իր ոչխարներն էր արածեցնում Հոռիմսն ու որից այսօր մնացել է միայն երեք՝ իրարից առանձին ու հեռու պատ, գտնւում է Սասունի Քաղկիկ գիւղից քիչ վերեւ, ոչ այնքան բարձր մի գագաթին: Պարբերաբար գանձագողերի թիրախում յայտնուող բերդը այլեւ իր վերջին շունչն է փչում, սակայն ամենավերեւում աւելի քան 500 մեթր քայլելով դեռ կարելի է նկատել նախկինում այստեղ եղած պատերի հիմքերը, ինչը խօսում է բերդի՝ ժամանակին իսկապէս վեհաշուք ու մեծ լինելու մասին:
Բերդի անմիջապէս ներքեւում, մահմետական հայ եւ քիւրտ գիւղացիները ցոյց են տալիս այն վայրը, որտեղ, ըստ էպոսի, ընկել է բերդից իրեն նետած Խանդութը՝ Դաւթի կինը:
«Երբ Դաւիթը սպանւում է՝ նրա կինը բերդում սգում է նրա մահը, սկեսուրը գալիս ու ասում է. «Ինչո՞ւ ես լաց լինում, հա՛րս, Դաւիթի եղբայրը կայ, նրա հետ կ’ամուսնանաս»: Խանդութն իրեն նետում է ուրիշի հետ չամուսնանալու, Դաւիթին չդավաճանելու համար», Քաղկիկի ճանապարհին պատմում է մեր արաբախօս վարորդը:
Ի դէպ՝ ճիշդ նկատեցիք. ըստ այստեղ տարածուած պատումի՝ Սասունցի Դաւթի ծնողները ոչ միայն ողջ են նրա մահանալու օրոք, այլեւս աւելին՝ եւս մէկ զավակ են ունեցած լինում՝ Վեքիր անունով:
«Նոյնսիկ քրտերէն մի խօսք կայ այստեղ, թէ «Դաւիթ գնաց, Վեքիրը եկաւ», ժպտալով պատմեց Մուշի Մոնգոգ գիւղում ապրող, ծնունդով Սասունի Քաղկիկ գիւղից Իպրահիմ հօրեղբայրը:
Կարծես հենց էպոսից դուրս թռած հսկայ, թիկնեղ, կապուտաչեյ, թաւ պեխերով եւ չափազանց աքթիւ ու կենսախինդ Իպրահիմը անգիր թուարկում ու ցուցադրում է հայկական աւանդական պարերն ու դրանց առանցքային շարժումները, սակայն էպոսից առաւելագոյնը յիշում է Դաւիթ ու Վեքիր եղբայրներին, նրանց՝ Սասունի հայ թագաւորներ լինելն ու Սասունցի Դաւթի՝ Քուռկիկ Ջալալի ձիով մէկ վայրկեանում Տիարպեքիրից Սասուն հասնելու կարողութեան մասին:
Իր հերթին Իպրահիմի հօրեղբօր տղան՝ Մուշի Նորշէն գիւղից Մուրատը շտապում է փաստել, որ իր մօրական կողմը Դաւիթ թագաւորի արիւնակիցներն են, եւ իրենց տոհմը երբեւէ չի ընդհատուել կամ «չորացել»:
Եւ իսկապէս, եթէ դուք Թուրքիայի սասունցիներին պատմէք, թէ Սասունցի Դաւթի որդի Մհերն անժառանգ է մնացել, իսկ դիւցազնական տոհմը անէծքի պատճառով այդպէս էլ շարունակութիւն չի ունեցել՝ ձեզ կը նայեն շատ տարօրինակ հայեացքով, իսկ եթէ խնդրէք բացատրել, թէ ովքե՛ր են եղել Փոքր Մհերի ժառանգները՝ է՛լ աւելի ծանր ու զարմացած հայեացքով ձեզ միանշանակ կը պատասխանեն. «Պա մենք ի՞նչ ենք»:
Աւելին՝ ժամանակակից Սասունում մինչ օրս հնարաւոր է հանդիպել մարդկանց, որոնք ամենայն հպարտութեամբ պնդում են, որ իրենց նախնիները մասնակցել են Մարաթուկի տաճարի կառուցմանն ու Սասնայ տան դիւցազունների հրամանով մատակարարել շինանիւթը, որը եղել է հող ու կաթ:
Հետաքրքրական է, որ այս գերդաստանը թէեւ արդէն վաղուց մահմետականացուած է, սակայն շարունակում է մնալ Մարաթուկի՝ ներկայում Սուրբ Աստուածածնի անունը կրող տաճարի ուխտի բացման բացառիկ իրաւունքի տէրը ու շեշտում, որ երբ իրենց նախնիները կառուցել են այդ տաճարը՝ «դեռեւս գոյութիւն չունէր ո՛չ իսլամը, ո՛չ քրիստոնէութիւնը»:
Մարաթուկի տաճարի ուխտը մինչ օրս մեծ խանդավառութեամբ է իրականացւում Սասունում թէ՛ սակաւաթիւ մնացած քրիստոնեայ, թէ՛ բազմաթիւ մահմետական հայերի կողմից: Հիմնականում Յուլիսի վերջին կամ Օգոստոսի առաջին շաբաթն իրականացուող ուխտագնացութիւնն ու մատաղն այստեղ է հաւաքում Թուրքիայի ու աշխարհի ամենատարբեր ծայրերից եկած սասունցիներին: Լերան բարձրունքում տաճարի աւերակների մօտ աղօթքից ու մոմավառութիւնից յետոյ ուխտաւորները հայերէն, քրտերէն ու արաբերէն երգերի եւ պարերի ուղեկցութեամբ մատաղ են իրականացնում Մարաթուկի փէշին գտնուող «Օթնակ» («Եօթ ակն») եայլայում:
Կարող ենք փաստել, որ յետցեղասպանական շրջանում Սասունում առաւել տարածուած մի քանի պատումները թէեւ որոշակի աննշան տարբերութիւններ ունեն, սակայն հիմնուած են մէկ առաւել ընդհանուր տարբերակի վրայ. եղբայրներ Դաւիթն ու Վեքիրն այստեղ մարմնաւորում են հենց Սանասար ու Պաղտասարին, Սասնայ Բերդի կառուցումն ու ամբողջ Սասունի կառավարումը նոյնպէս վերագրւում է հենց նրանց: Էպոսի չորս հիմնական հատուածները խտացուել են մէկ, հիմնական ու 1915-ից յետոյ որոշակի մահմետական ազդեցութիւն կրած բաժնի մէջ: Դրանով կարելի է բացատրել Դաւթի կին Խանդութի՝ Դաւթի մահից յետոյ նրա եղբօր հետ ամուսնանալու հարկադրանքի տակ ինքնասպանութիւն գործելու պատմութիւնը, որն ակնյայտօրէն յետցեղասպանական ու այլակրօն ազդեցութիւն է: Նախ քանի որ, ի տարբերութիւն մահմետականների, հայերի շրջանում ընդունուած չի եղել ամուսնացնել այրի կնոջն ամուսնու եղբօր հետ, եւ յետոյ՝ ցեղասպանութեանը յաջորդած շրջանում Սասունում մնացած ծպտեալ հայերը յաճախ ստիպուած են եղել դիմել այս միջոցին ինքնապաշտպանութեան՝ այրիացած հայ կանանց «քրտի բաժին» չդարձնելու համար:
Հետաքրքրական ու ուշադրութեան արժանի է նաեւ այն փաստը, որ յետցեղասպանական շրջանում Սասունցի Դաւիթը Մելիքի հետ յարաբերութիւններում ոչ թէ պաշտպանուող, այլ յարձակուող կողմն է: Դա է փաստում ներկայում Սթանպուլում բնակուող եւ Սասունի Խնձորիկ գիւղում ծնուած 70-ամեայ Յակոբ պապի ներկայացրած պատման այն հատուածը, թէ Դաւիթը գոմաղբով լի կճուճ է ուղարկում Մելիքին ու մարտահրաւէր նետում վերջինիս՝ հրաւիրելով արդար կռուի: Դաւթի անբռնազբօս ու պատերազմող տեսակի մասին ոգեւորուած պատմող Յակոբ պապը, սակայն, որեւէ տարօրինակ ու սխալ բան չի տեսնում առաջինը մարտահրաւէր նետելու մէջ ու մեծ հպարտութեամբ պատմում Դաւթի ուժի, նրա որդի «Մահիրի»՝ Մարաթուկի վանքը վերակառուցելու եւ Դաւթի տոհմի անսահման հզօրութեան մասին, որոնց ունակ էին սպաննել միայն հարազատ արիւնակիցները:
«Այդպէս էլ եղաւ. գնաց Պիսմիլ, այնտեղ մի ապօրինի աղջիկ է ունեցած լինում Դաւիթը, բայց տեղեակ չէ, աղջիկը մօտակայքում նետ ու աղեղով խաղալիս է լինում, նետն արձակում, դիպչում է Դաւիթին: Դաւիթը բղաւում է՝ «Ա՛խ, սա իմ արիւնն էր, իմ ցեղը», մահանում է: Վեքիրին լուր են տանում, թէ քո եղբայր Դաւիթը մահացել է, ասում է՝ «Ի՞նչ էք խօսում, անհնար է, ո՞վ կարող է սպաննել իմ եղբօրը»: Ասում են՝ «Նա բղաւեց, ձայնը հասաւ Սասուն, բղաւեց «Ա՛խ, սա իմ արիւնն է, իմ ցեղը»: Այդ ժամանակ Վեքիրը համոզւում է, որ Դաւիթը մահացել է», թուրքերէնով պատմում է սթանպուլաբնակ Յակոբ պապը, ով ցեղասպանութիւնից յետոյ Սասունում ծնուած հայերից այլեւս միակն է, ով ծայրից ծայր յիշում ու պատմում է հայկական էպոսը, թէկուզ՝ թուրքերէն:
Աղբյուր՝ Հորիզոն
2 Replies to “«Սասնայ Ծռեր» դիւցազներգութիւնը ու դրա յիշողութիւնը իսլամացուած ու ծպտեալ քրիստոնեայ սասունցիների շրջանում”