Սասունն ու Սասունի հայերը Ցեղասպանությունից հետո մինչ այսօր

Սոֆիա Հակոբյան, թուրքագետ

Որքա՞ն հայ փրկվեց Սասունում, նրանք ինչպե՞ս շարունակեցին իրենց կյանքը, ի՞նչ դժվարությունների միջով անցան, և որտե՞ղ են հիմա նրանց ժառանգները…

Այս ուսումնասիրությունում ներառված են Սասունի` մինչ օրս հայաբնակ կամ մասամբ հայաբնակ գյուղերի անունները, ինչպես նաև պատմական Սասունի տարածքում ցեղասպանությունից մինչ օրս քրիստոնյա և իսլամացված հայերի մոտավոր թվաքանակի, բնակության վայրերի, նոր գաղթի ուղղությունների, լեզվի, կրոնի ու ազգային ինքնագիտակցության մասին տեղեկություններ։ Այն նպատակ ունի օգնելու ոչ միայն թեման ուսումնասիրող տարբեր մասնագետներին, այլև մեկ դար շարունակ իրենց նախնիների գյուղերը և կորած ազգականներին փնտրողներին:

Այս ուսումնասիրությունն անցկացնելիս՝ 2011-ից 2020 թվականն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ հանդիպումներ ու հարցազրույցներ ենք անցկացրել Սասունի Բոզկանի, Խուլբի, Փսանքի, Խաբլջոզի, Հազզոյի, Խութի և Մոտկանի պատմական շրջաններում, Դիարբեքիրում, Մուշում, Բիթլիսում, Բաթմանում, Սղերդում, Թեքիրդաղում (Ռոդոստո), Ստամբուլի Սամաթիա, Բաքըրքյոյ, Յեշիլքյոյ և Քումքափը թաղամասերում, Երևանում և Արմավիրում, Ամստերդամում և Փարիզում։ Ընդհանուր առմամբ, սղագրվել ու արխիվացվել է շուրջ 5 տասնյակ ամբողջական հարցազրույց։

Ուսումնասիրության սկզբնական տարբերակը 2016-ին տպագրվել է Akunq.net-ում, այժմ Թուրքագիտական պորտալը բացառիկ կարգով ներկայացնում է 2020-ի դրությամբ ուսումնասիրության թարմացված տարբերակը։

Սասունը ժամանակակից Թուրքիայի քարտեզի վրա

Առաջին դժվարությունը, որի հետ ուսումնասիրողները բախվում են ժամանակակից Սասունն ուսումնասիրելիս, քարտեզի վրա Սասունի ամբողջական տարածքը գտնելն է: Ինչպես հայտնի է, պատմական Սասունի տարածքն այսօր տրոհված է։ Թուրքիայի Բաթման նահանգի շրջան հանդիսացող «Սասոն»-ը պատմական Սասունի միայն մի փոքրիկ մասն է կազմում, իսկ մյուս շրջանները տարբեր տարիներին միացվել են Դիարբեքիրի, Մուշի, Բիթլիսի ու Սղերդի նահանգներին: Բացի Մոտկանից ու Խութի մի հատվածից, որը Սասունից անջատվեց դեռևս 19-րդ դարում, մնացած բոլոր տրոհված շրջանները վարչականորեն բաժանվել ու անվանափոխվել են Ցեղասպանությունից հետո:

Այս բաժանումներն, անշուշտ, ազդել են նաև փրկված սասունցիների հետագա կյանքի պայմանների վրա: Ըստ այդմ, կարելի է Արևմտյան Հայաստանում բնակվող սասունցիներին բաժանել մի քանի խմբերի, որոնք երբեմն տարբերվում են իրարից թե՛ ազգային ինքնագիտակցության, թե՛ մի շարք այլ առումներով:

Սասունի հայաբնակ գյուղերը ցեղասպանությունից հետո

1930-ականների սկզբին, երբ Ցեղասպանությունից փրկված որբերը մեծացան և իրենց սեփական տնտեսությունն ու ընտանիքները հիմնեցին, փորձեցին առանձնանալ աշիրեթներից (ցեղախմբերից), հայտնվեցին մուսուլման հարևանների հետ հողային վեճերի ու կռիվների մեջ, ուստի հաճախ ստիպված էին տեղափոխվել գյուղից գյուղ՝ փորձելով իրենց համար գտնել համեմատաբար հանգիստ միջավայր:

Ցեղասպանությունից հետո տասնամյակներ շարունակ Սասունի լեռներում մեկուսի կյանք վարող հայերի խմբերի մասին առաջին անգամ պաշտոնապես խոսել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանը 1980-ին իր հայտնի երուսաղեմյան ելույթում: Նա տեղեկացնում է, որ իր ձեռքում կա Սասունի այն 35 գյուղերի ցուցակը, որտեղ դեռ ապրում էին հայեր:

Ինչպես հայտնի է, Շնորհք պատրիարքն այն եզակի նվիրյալներից էր, ով, արհամարհելով բազում վտանգներն ու պետության կողմից հետապնդումները, ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում մնացած և ձուլման եզրին գտնվող հայ ընտանիքների երեխաներին հայալեզու կրթություն տալու գործին՝ շուրջ 8000 մանուկների բերելով Կ․Պոլիս և մկրտելուց հետո տեղավորելով տեղի տարբեր վարժարաններ (Արևմտյան Հայաստանի տարածքում, ի տարբերություն Ստամբուլի, Ցեղասպանությունից հետո երբևէ չեն գործել հայկական դպրոցներ):

Պատրիարքի աշխատակիցները, ովքեր ամիսներ շարունակ դեգերում էին Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներում, հասան նաև լեռնային Սասուն: Այստեղ նրանք որոշ դժվարությունների հանդիպեցին ոչ միայն գավառի անառիկ դիրքի կամ այն պատճառով, որ Ցեղասպանությունից հետո ծպտյալ հայերը հաստատվել էին Սասունի ամենաբարձրադիր ու անմատչելի գյուղերում: Ըստ մի շարք վկայությունների՝ հանդիպում էին հակազդեցության հենց հայ գյուղացիների կողմից, քանի որ ոմանք կտրականապես դեմ էին իրենց զավակներին Կ. Պոլիս ուղարկելու և գյուղը լքելու գաղափարին: Ու թեև պատրիարքի մարդկանց գործունեությունը Սասունի հայաբնակ գյուղերում այդքան մեծ արդյունք չունեցավ, որքան մյուս գավառներում, սակայն նրանց ուսումնասիրությունների շնորհիվ պատրիարքի ձեռքում հայտնվեց հենց այդ հայաբնակ գյուղերի առաջին ու միակ ցուցակը:

Այս ցուցակից բացակայում էր միայն պատմական Սասունի Մոտկանի ու Խութի շրջանները՝ դեռևս հայաբնակ մնացած մի քանի գյուղերով, քանի որ այն դեռ մինչ Ցեղասպանությունը պաշտոնապես կցվել էր Բիթլիսի նահանգին: Բացի այդ այս ցուցակի մեջ չէին մտել նաև մի քանի գյուղեր, որոնք 1980-ին արդեն հայաթափված էին, սակայն ցեղասպանությունից հետո բավականին երկար ժամանակ ունեցել են հայկական բնակչություն: Այդ մի քանի գյուղերի անուններն էլ ավելացնելով՝ կարող ենք հաշվել շուրջ 5 տասնյակ գյուղեր, որտեղ ցեղասպանությունից հետո շարունակել են ապրել սասունցի հայեր:

Ներկայում այդ գյուղերի թիվն էականորեն նվազել է՝ կապված վերջին 30 տարում Սասունից դեպի Ստամբուլ մեծ թափ առած արտագաղթի հետ։ Բացի այդ, թվերը տատանվում են, քանի որ որոշ գյուղերում հայերը լինում են միայն ամռանը, իսկ ձմեռում են Ստամբուլում:

Եվս մեկ նկատառում․խոսքն այն գյուղերի մասին է, որտեղ դեռ կարելի է գտնել իրենց ծագման մասին չմոռացած հայերի։ Մինչդեռ բազմաթիվ գյուղերում հանդիպում ենք դեռևս 1894-96 թթ․-ի կոտորածների ժամանակ իսլամացված հայերի ամբողջական աշիրեթների, որոնք այլևս գրեթե մոռացել են իրենց ծագման մասին։

Իսլամացված և քրիստոնյա սասունցիների թվաքանակը և առանձնահատկությունները

Արևմտյան Հայաստանում մնացած իսլամացված հայերի ուսումնասիրման համատեքստում սասունցի հայերին կարելի է առանձնացնել որպես ամենաբազմաքանակ ներքին համայնքներից մեկը, որոնց զգալի մասը բավականին երկար է կարողացել պահպանել թե՛ լեզուն, թե՛ կրոնը։ Սասունի բազմաթիվ գյուղերում, բացառությամբ Բոզկանի ու Խուլբի շրջանների, անցյալի մասին խոսում են բավականին ազատ և սովորաբար բոլորը տեղյակ են միմյանց ծագումից։ Հարկ է նշել, որ սասունցի հայերը բավականին խստորեն պահում են ներհամայնական ամուսնությունների ավանդույթը, շատերը շարունակում են հայրենի ավանդույթները, սերնդեսերունդ պատմվում են Ցեղասպանությունը վերապրած նախնիների պատմությունները։

Սասունում մնացած հայերի փրկությանը նպաստող մի քանի կարևոր հանգամանք կա, որոնցից ամենաառջնայիններից են, իհարկե, գավառի լեռնային դիրքը և կազմակերպված զինված ինքնապաշտպանությունը։ Մեկ այլ կարևոր հանգամանք է նաև «աղայական» իշխանության համակարգը, որը բավականին ուշ է թուլացել Սասունում, փաստացի ապահովվեց որպես ստրուկ վերցված հայ որբերի ֆիզիկական գոյությունը և պաշտպանեց նրանց մյուս աշիրեթների հարձակումներից։ Սասունում «սրանք մեր հայերն են» արտահայտությունը դեռ լսում ենք որոշ ցեղախմբերի անդամներից։

Իսլամացված կամ ծպտյալ քրիստոնյա հայերի մասին խոսելիս մարդկանց, թերևս, ամենաշատը հետաքրքրում է նրանց թվաքանակը: Եթե ավելի իրատես լինենք և հաճախ քննարկվող այդ մի քանի միլիոնից հանենք նրանց, ում կապը հայության հետ սահմանափակվում է զուտ էթնիկ ծագմամբ  կամ եթե փորձենք փնտրել փրկված հայերի այն ժառանգներին, ովքեր դեռ մեկ դար անց գիտակցում ու փորձում են պահպանել իրենց այդ ինքնությունը, ապա շատ ավելի համեստ թվեր կստանանք:

Ինչ վերաբերում է հայ տատիկներ ունեցողներին, ապա պարզ է մեկ բան՝ այդքան շատ մարդկանց՝ «տատիկս հայ էր» խոստովանությունների տակ թաքնված է հիմնականում երկու բան՝ կամ պապիկը ցեղասպանության ակտիվ մասնակից էր, որոնց հայ կանայք ավարի տեսքով էին բաժին հասնում, կամ պապիկն էլ է հայ, բայց իր հայ լինելը ամբողջությամբ հաստատելու խիզախություն, գիտակցություն կամ ցանկություն չունի:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի սասունցիների թվաքանակին, նշենք, որ Կ. Պոլսի հայ համայնքի շուրջ2 1/3 -ը, այսինքն՝ շուրջ 15 000-ը հենց սասունցիներ են: Նրանց շատերը Կ. Պոլիս են գաղթել 1970-80-ական թթ.: Համայնքում նրանց ասում են «նոր եկածներ» կամ «գավառացիներ», քանի որ գավառահայերի շրջանում ամենավերջինը հենց սասունցիներն են դուրս եկել Արևմտյան Հայաստանից և հաստատվել Կ. Պոլսում:

Կ. Պոլսում հաստատված և հայ համայնքի մաս կազմող քրիստոնյա սասունցիների թիվը քիչ թե շատ հայտնի է, քանի որ նրանք երկրի օրենքի համաձայն հաշվառվում են որպես կրոնական փոքրամասնություն՝ մկրտվելով հայկական եկեղեցում: Իսլամացված սասունցիների թիվը պարզելը շատ ավելի բարդ է հասկանալի պատճառներով։ Մեր ձեռքի տակ եղած տեղեկություններով կարող ենք հանգել միայն մոտավոր տվյալների:

Շատ մոտավոր հաշվարկներով Բաթմանի և Բիթլիսի նահանգներում իսլամացված սասունցիների թիվն անցնում է 20 000-ը՝ չհաշված Ստամբուլ արտագաղթած հազարավոր ազգականներին:

Նվազագույնը 6000–7000 իսլամացված հայեր կան պատմական Սասունի արևմտյան հատվածում՝ Խուլբի շրջանում, որը ներկայում Դիարբեքիրի նահանգի կազմում է: Այս սասունցիների բազմաթիվ ազգականներ նաև տեղափոխվել են նահանգի կենտրոն Դիարբեքիր քաղաք և Ստամբուլ։

Ըստ տեղացիների վկայությունների՝ միայն Մուշում բնակվում է Սասունի լեռնային գյուղերից այստեղ տեղափոխված 15–20 000 իսլամացված հայ:

Իսլամացված սասունցիներ կան նաև Սղերդի նահանգի Քուրթուլան շրջանում (պատմական Սասունի Խարզանի շրջան), որոնց թիվը, սակայն, անհայտ է: Սրանք համեմատաբար փոքրաթիվ լինելու և տարբեր աշիրեթների միջև ցրվածության պատճառով համայնք դառնալու հնարավորություն չեն ունեցել և ձուլվել են:

1. Բոզկանի շրջան կամ Բուն Սասուն /ներկայում կցված Մուշի նահանգին/

Ցեղասպանությունից հետո հայկական բնակչություն ունեցող գյուղերն են Գելիեգուզան, Քաղքիկ, Բոզրկան, Սեմալ, Շենիկ:

Բացի Քաղքիկ ու Բոզրկան գյուղերից, որոնք Բաթմանի նահանգի Սասոն շրջանի կազմում են, նշված մյուս գյուղերը մտցվել են Մուշի գավառի կազմի մեջ:

Վերը նշված գյուղերի հայկական բնակչությունն ամբողջովին իսլամացված է։ Իսլամացման գործընթացն այս շրջանի հայերի մեջ սկսվել է 1930-ականների երկրորդ կեսից և շարունակվել մինչ 1950-ականների վերջեր: Թեև որոշ ընտանիքներ կարողացել են գաղտնի կերպով պահպանել քրիստոնեական որոշ ավանդույթներ, սակայն հետագա տարիներին հիմնականում Մուշի կենտրոն տեղափոխված այս հայերի մեծ մասն այնտեղ ամբողջովին անցավ մուսուլմանական կենսակերպի:

Ցեղասպանությանը հաջորդած 10-15 տարիների ընթացքում այս գյուղերից պարբերաբար արտագաղթեր են գրանցվել դեպի Ղամիշլի և Հալեպ:

1930-ականների զինված ընդվզումների ժամանակ, այն հայերը, ովքեր չբարձրացան լեռները, քուրդ և արաբ ապստամբների հետ միասին աքսորվեցին Թուրքիայի արևմտյան շրջաններ: Որոշ ժամանակ անց նրանց մի մասը վերադարձավ հայրենի Սասուն:

Այս գյուղերի բնակչության զգալի մասը պետության անմիջական վերահսկողությամբ հետագա տարիներին տեղափոխվեց Մշո դաշտի գյուղեր և Մուշի կենտրոն։ Այս վերաբնակեցումը շարունակվեց մինչև 1990-ականների կեսերը: Հայերի՝ դեպի Մուշ իջնելու հիմնական պատճառը Սասունում դեռևս իր ուժը չկորցրած «աղայական»/ֆեոդալական համակարգն էր, որը փաստացի ստրկացնում էր հայերին որոշ քուրդ աղաների ձեռքում և հայերի հանդեպ անօրենությունների դեպքում բացառում օրենքի որևէ միջամտություն։ Այսպես, երբ Մուշ տեղափոխված հայերին խնդրենք հակիրճ ներկայացնել քաղաք գալու նրանց պատճառները, նրանք կասեն՝ «Սասոն բե կանոն», ինչը քրդերենից թարգմանաբար նշանակում է «Անօրեն, օրենքի չենթարկվող Սասուն»։

 Հողային վեճերի ու հայ աղջիկների առևանգումների պատճառով ահագնացող զինված բախումները հաճախ ավարտվում էին արյունահեղությամբ, ինչի հետևանքով քրդերի սպանած հայերը ստիպված էին փախչել իրենց գյուղերից։ 

Սակայն Մուշ տեղափոխվելու հիմնական պատճառների թվում էր նաև Սասունում եղած ծանր սոցիալական վիճակը․Մշո դաշտում հողը միանշանակ շատ ավելի  բերրի է, իսկ Մուշում պետության կողմից բացված մի քանի նոր գործարանները Սասունի լեռներից այստեղ բերեցին նաև բազմաթիվ քուրդ ու արաբ գյուղացիների։

Վերադառնալով վերոնշյալ մասամբ հայաբնակ գյուղերին՝ նշենք, որ տեղի հայ բնակչության մեծ մասը քրդախոս է, որոշները՝ արաբախոս: Ավագ սերնդի շրջանում դեռևս կարելի է գտնել հայերենը չմոռացած մի քանի սասունցիների:

Թեև Սասունի այլ շրջաններում հայկական ինքնության և ցեղասպանության վերաբերյալ հարցերն արդեն ազատ քննարկվում են, սակայն Գելիեգուզանի և Սեմալի պես գյուղերում դեռևս առկա է վախի մթնոլորտն ու ինքնությունը ծածկելու սովորությունը: Բացի տեղի բնակիչների՝ հայերի դեմ ունեցած ոչ այնքան բարիացակամ վերաբերմունքի, այստեղ զգալի դեր է ունեցել քրդական շարժման ակտիվացման տարիներին որոշ գյուղերում թուրքական զինված ուժերի կատարած գործողությունները, որոնք է՛լ ավելի մեծ վախի մթնոլորտ են տարածել այս կողմերում։ Այդպես օրինակ գրեթե իսպառ դատարկվել է Գելիեգուզան գյուղը, ուր մարդիկ այժմ գալիս են միայն ամռանը՝ մեղվապահության նպատակով։

Առավել քան ուշագրավ է այն փաստը, որ այստեղ իրենց հայկական ծագման մասին խոսել չցանկացողներն անգամ մյուսների պես շարունակում են ամուսնանալ միայն իրենց պես կրոնափոխ հայերի հետ և ակտիվորեն շարունակում են փնտրել դեռևս ցեղասպանության ժաանակ իրենց կորցրած ազգականներին։ Սրա հետ մեկտեղ Մշո դաշտ իջած այս հայեըը բավականին ավանդապաշտ են, եբեմն էլ՝ մոլեռանդ մահմեդական։

Այս տարածքում վերջին մի քանի տարիներին կարելի է նկատել որոշ տեղաշարժ, անցյալն ավելի մանրամասն ուսումնասիրելու և հայկական ինքնությանն ավելի մոտ կանգնելու վարակիչ մի ձգտում, ինչ-որ չափով նաև զարթոնք, որը հատկապես նկատելի է երիտասարդների շրջանում, որոնց մեծ մասն արդեն բնակվում է Մուշ քաղաքում: Դրան մեծապես նպաստել է նաև Մուշում հայկական առաջին հայրենակցական միության հիմնումը:

Գելիեգուզանի փրկված հայերից մի քանի մեծ գերդաստան տեղափոխվել է Մուշ, սակայն գյուղում դեռևս բնակվում է հայկական ծագում ունեցող երկու ընտանիք: Դրանցից մեկն, ի դեպ, այստեղ է տեղափոխվել ցեղասպանության տարիներին՝ Խան գյուղից։

Սեմալցիների մի մեծ և բավականին ակտիվ զանգված ապրում է Մուշին հարակից գյուղերում, իսկ անմիջապես Սեմալում մնացած հայ ընտանիքների մասին որևէ հստակ տեղեկություն հաղորդելը բարդ է այնքանով, որ Սեմալում ապրողները փաստացի ոչ միայն ձուլված են կրոնով, լեզվով և մշակույթով, այլև քիչ են խոսում իրենց անցյալի մասին։ Թեև Մուշ իջած սեմալցիների պնդմամբ հայրենի գյուղում միանշանակ մնացել են հայեր, և նրանք քիչ չեն: Ճիշտ նույն իրավիճակն է տիրում Շենիկ գյուղում։

Բոզրկանցիները հիմնականում նույնպես տեղափոխվել են Մշո դաշտ, սակայն կան նաև Խաբլջոզ իջած հայեր, գյուղը ներկայում գրեթե դատարկ է։ Թեև մյուս հայերի հանդեպ շատ ջերմ են ու հյուրընկալ՝  շատ զգույշ են խոսում իրենց ծագման մասին և հիմնականում նախընտրում շրջանցել թեման։

Նույնը չի կարելի ասել քաղքիկցիների մասին, որոնց մեծ մասը դեռևս շարունակում է իրենց ներկայացնել որպես հայ, ավելին՝ ակտիվ շփում ունեն Սփյուռքի և Հայաստանի սասունցիների հետ: Քաղքիկ գյուղի կրոնափոխ հայերից մի մեծ գերդաստան բնակվում է Մուշում, երկուսը մնացել են Քաղքիկում և մի քանի քրիստոնյա ընտանիք վաղուց արդեն Ստամբուլ է տեղափոխվել:

2. Խուլբ և Խիյանք (ներկայում Դիարբեքիրի նահանգի Քուլփ շրջան և Բաթման նահանգի Սասոն շրջան)

Սասունի արևմտյան այս շրջանները հայկական աղբյուրներում ներկայացված են որպես մեկ շրջան՝ թեև վաղուց առանձնացված են իրարից: Խուլբը ներկայում ամբողջությամբ կցված է Դիարբեքիրին, իսկ Խիյանքի զգալի հատվածը դեռ Սասունի (ժամանակակից քարտեզով՝ Սասոն) կազմում է:

Հայաբնակ գյուղերը․

Խուլբում՝ Ահարոնք, Գեղերվանք, Փասուր, Խըռուճ, Փարկա, Արտկունք, Ընձքար, Ջըկսե, Թիյախա։

Խիյանքում՝ Արխունդ, Բերմ, Բադե, Հեղին։

Խուլբի հայությունն ամբողջովին իսլամացվեց ցեղասպանության շրջանում և դրան հաջորդած մի քանի տարիներին:

Խուլբի և Խիյանքի հայերին բավականին ծանր ճակատագիր բաժին հասավ այն առումով, որ հենց այս շրջաններում են հաստատվել ցեղասպանությանն ամենաակտիվ մասնակցությունն ունեցած քրդական աշիրեթները: Մազապուրծ եղած հայերը ավարի հետ միասին հիմնականում բաժին էին հասել այս աշիրեթներին` որպես ստրուկ: Խուլբը Սասունի այն եզակի տարածքն է, որտեղ պետությանը հաջողվեց իսլամացման գործընթացը հաջողությամբ ավարտել դեռ 20-րդ դարի սկզբին։ Տեղի հայերի շրջանում ցեղասպանությանը հաջորդած մի քանի տարիներում հաջողվեց արմատախիլ անել նաև մայրենին, մինչդեռ Սասունի հարավ-արևելքում հայերը շարունակել են խոսել հայերեն ընդհուպ մինչ 1980-ականներ։

Ցեղասպանության շրջանում ու դեռևս դրանից առաջ բռնի իսլամացված այս հայերի մեջ եղան այնպիսինները, ովքեր կարողացան ներհամայնքային ամուսնությունների շնորհիվ պահպանել հայությունը, թեև ամբողջովին քրդախոս դարձան: Նրանցից շատերն ավելի ուշ նաև քրդական շարժման ակտիվ մասնակիցեր են եղել: Հատկանշական է, որ քրդական շարժման ակտիվացումը որոշակիորեն նպաստել է տեղի հայերի՝ ազգային ինքնության որոշակի զարթոնքին։ Թեժ բախումների ու քրդաբնակ շրջաններում ազգային հողի վրա ճնշումների սաստկացման ֆոնին նկատվեց տեղի բնակչության, այդ թվում՝ քրդացած հայերի շրջանում անցյալի ու էթնիկ ծագման հետ կապված թեմաների քննարկումների ակտիվացում։

Խուլբի հայերը պահպանել են հայկական ազգային մի քանի պար և հայկական խոհանոցի որոշ առանձնահատկություններ:

Բավականին բազմամարդ և ակտիվ են Խըռուջ, Փասուր և Փարկա գյուղերի հայկական գերդաստանները: Նրանց մեջ այսօր նկատվում է որոշ ազգային զարթոնք, ինչը դրսևորվում է երեխաներին հայկական անուններ դնելով, հայերենով ու հայկական մշակույթով հետաքրքրվողների թվի աճով, Հայաստանում և Սփյուռքում գտնվող ազգականների հետ շփումների հաստատումով կամ վերականգնումով և այլն: Վերջիններս հիմնականում ամուսնանում են իրենց պես կրոնափոխ հայերի հետ, թեև լինում են նաև բացառություններ:

Հայտնի է, որ Հեղին գյուղում մնացած հայերը այժմ բնակվում են Մշո դաշտում, մեծ հետաքրքրություն են ցուաբերում հայության հանդեպ, սակայն ոչ միշտ են խոստովանում, թե իրենք էլ են հայ։

Տեղեկացանք, որ գեղերվանքցի փրկված սասունցիները հիմնականում գաղթել են մեկ այլ՝ Փարկա գյուղ, ուր էլ ապրում են մինչ օրս։ Հայտնի է, որ Թիյահա գյուղի հայերը թեև անցել են արդեն խառն ամուսնությունների, սակայն տեղյակ են իրենց ծագումից և չեն հերքում այն։ Վերջիններիս մի մասը ժամանակին տեղափոխվել է Ընձքար գյուղից, այժմ հիմնականում ապրում են Դիարբեքիր քաղաքում ու բավականին լուրջ քաղաքական ու հասարակական ակտիվություն ցուցաբերում։

Եվ այնուամենայնիվ՝ Խուլբն ու Խիյանքը Սասունի պատմական այն հատվածներն են, որտեղ ամենից շատ ենք հանդիպում իրենց ինքնության մասին մոռացած կամ այն թաքցնող հայերի։ Պետք է նշենք, որ Սասունի տարածքի համար սա հազվադեպ երևույթ է, քանի որ այստեղ հայերը Ցեղասպանությունից հետո էլ մի շարք հանգամանքների բերումով հիմնականում «ծպտված» չեն եղել՝ թե՛ իսլամացված, թե՛ քրիստոնյա։ Ավելին՝ Սասունի հարավ-արևելքում արաբական միջավայրում հայտնված հայերը սովորաբար երբեք չեն թաքցրել իրենց ինքնությունը և շարունակել են սերնդեսերունդ պատմել ցեղասպանության մասին։ Մինչդեռ Սասունի արևմտյան այս շրջաններում՝ Խուլբում և Խիյանքում ցեղասպանության թեման որոշակիորեն դեռ տաբու է, իսկ իսլամացված շատ հայ ընտանիքներ դեռ անմիջական ճնշման ու լռության պատնեշի հետ դեմ առ դեմ կանգնած։

Օրինակ՝Բադե գյուղի քրդացած հայերը ներկայում բնակվում են Սիլվանում, քրդական շարժման ակտիվ մասնկիցներ են և վաղուց արդեն ոչ մի կապ չունեն հայության հետ: Ի դեպ՝ Բադեից է նաև նշանավոր հայազգի երգիչ Արամ Տիգրանը, որը քրդերեն երգերի ամենահայտնի կատարողներից է եղել։

Նույն վիճակում են Բերմ գյուղի միակ փրկված հայկական ընտանիքի ժառանգների մի մասը, ովքեր այժմ բնակվում են Բաթմանի կենտրոնում։ Նրանք արդեն վաղուց չեն անդրադառնում իրենց հայկական արմատներին: Մինչդեռ նրանց ազգականների մի մասը պահպանեց և՛ ազգային, և՛ կրոնական ինքնությունն ու տեղափոխվեց Ստամբուլ:

Հայկական ինքնությունից ամբողջովին հեռացել են նաև Խուլբի մյուս գյուղերում ապրողները:

Առանձին ուշադրության է արժանի Արխունդ գյուղի հայությունը, որի մի մասը մինչ օրս քրիստոնյա է: Խիյանքի շրջանում ամենաշատը հենց նրանց է հաջողվել պահպանել ազգային ինքնությունը և կրոնը:

Տարբեր ժամանակներում գյուղի բնակչության թվաքանակը տատանվել է։ Ցեղասպանության շրջանում բռնի իսլամացված այս հայերի մի հատվածը բավականին երկար ժամանակ կարողացավ գաղտնի կերպով պահպանել ազգային և կրոնական որոշ ավանդույթեր, սովորույթներ ու ծեսեր։ Երբեմն էլ, երբ հանգամանքները թույլ էին տալիս, կարողանում էին ավելի բացահայտ քրիստոնեական կենսակերպ վարել: Թեև նրանց մեջ գրեթե չէին մնացել մայրենի լեզվին տիրապետողներ, այնուամենայնիվ նրանցից շատերը Ստամբուլ արտագաղթելուն պես շտապեցին մկրտել ու հայկական դպրոցներ ուղարկել իրենց երեխաներին:

Արխունդ գյուղի հայության մի հատվածը գյուղից հեռացավ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ակտիվացման շրջանում, երբ գյուղի բնակիչներին պարտադրվում էր համալրել իշխանամետ գյուղական պահակախմբերի շարքերը և կռվել քուրդ զինյալների դեմ: Արխունդի քրդացած հայերի զգալի հատվածը հրաժարվեց ՔԱԿ-ի դեմ զենք բարձրացնել ու հեռացավ դեպի արևմուտք, հիմնականում` Ստամբուլ: Արխունդի հայերն այսօր Կ. Պոլսում ունեն իրենց առանձին հայրենակցական միությունը` Հերենդի (Արխունդի քրդերեն անունը) հայերի միություն:

Արխունդից հայերի արտագաղթի մյուս պատճառը հարևան մահմեդական բնակչության տևական ճնշումներն էին, որոնց հետևանքով արխունդցիների մի մասը մահմեդական դարձավ, իսկ որոշները մինչև վերջ պահպանեցին կրոնն ու լքեցին գյուղը: Շատերը իսլամանում էին ձևականորեն ճնշումներից ազատվելու համար: Իսլամ ընդունելուց հետո էլ շարունակեցին ներհամայնքային ամուսնությունները՝ չխառնվելով քրդերի հետ:

1960-ականներին քրիստոնյաների դեմ բացահայտ հարձակումներն այստեղ մշտական բնույթ ստացան: Գյուղի քրիստոնյա բնակչությունը պաշտոնապես իսլամացվել է 1964թ., երբ Արխունդի եկեղեցին վերածվեց մզկիթի, իսկ տեղի բոլոր քրիստոնյա բնակիչները հաշվառվեցին որպես մահմեդականներ՝ առանց վերջիններիս կարծիքը հաշվի առնելու:

3. Խաբլջոզ և Հազզո (ներկայում Բաթման նահանգի Սասոն և Քոզլուք շրջաններ)

Պատմական Սասունի Հազզոյի շրջանի մեծ մասը, Սասունից անջատելով և Քոզլուք անվանափոխելով, դարձրել են Բաթման նահանգի առանձին շրջան։ Իսկ Խաբլջոզը ժամանակակից Սասունի կենտրոնն է, որի մի հատվածը զբաղեցնում է Սասոն քաղաք-շրջկենտրոնը:

Հայաբնակ գյուղերը` Կուսգետ, Դերե, Հազզո, Խասոբի, Իրիցանք, Փիրշենք, Կորով, Կոմեկ, Խարվեռ,  Փողվարթ, Վարդնոց, Նադոբան, Գետեր, Բադըրմուտ, Ըկուզնակ, Հաթնի, Ռըշնիկ, Մարըստո։

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ցեղասպանությունից հետո Սասունում ամենաշատ թվով հայեր մնացել են հենց այս շրջանում: Հատկապես Խաբլջոզի լեռնային անառիկ գյուղերում` Մարաթուկի փեշին են կենտրոնացած եղել փրկված հայերի փոքրիկ համայնքները, որոնք հաջողել են պահել քրիստոնեությունը բավականին երկար, շատերը՝ մինչ օրս։

Սա հենց Սասունի արաբախոս հայերի ամենամեծ շրջանն է։ Նշված բոլոր գյուղերում բնակչությունն ամբողջովին արաբախոս է, ավագ սերունդը տիրապետում է նաև հայերենին։

Սասունցիների այս խումբը, թերևս, ամենաշատն է պահել հայկականությունը՝ հին հավատալիքներն ու ավանդույթները, երգերը, պարերը, խոհանոցը, իսկ մի շարք գյուղերում մինչև 1980-ականները պահպանել էին նաև լեզուն։ Նրանք նաև անում էին հնարավոր ամեն բան օտարների հետ ամուսնական կապերը բացառելու համար:

Քրիստոնյա գերդաստանների զգալի մասը Ստամբուլ արտագաղթեց 1970-80-ական թվականներին, երբ բռնի իսլամացման և տարատեսակ ճնշումների նոր ալիք բարձրացավ Արևմտյան Հայաստանի բոլոր այն գավառներում, որտեղ դեռ հայեր կային: Այստեղի իսլամացվածների զգալի հատվածը կրոնափոխ է եղել հենց այդ ժամանակ և ոչ թե ցեղասպանության շրջանում, իսկ քրիստոնեությունը պահողները արտագաղթել են Ստամբուլ: Եվ իհարկե, հենց այս շրջանից տեղի հայերի մեջ հայերենն իր տեղը աստիճանաբար զիջեց արաբերենին:

Հարկ է նշել նաև, որ այստեղ հայերը ձախակողմյան կամ քրդամետ չեն։ Ավելին՝ Սասունի այս շրջանը բառի բուն իմաստով «հակաքրդական» է։

Խաբլջոզի շրջանում ցեղասպանությունից հետո ամենահայաշատը, թերևս, եղել են Կուսգետն ու Փիրշենքը։ Ներկայում Փիրշենքում մնացել է երեք տուն հայ` մեկը՝ քրիստոնյա, երկուսը՝ մուսուլման: Կուսգետ գյուղի քրիստոնյա հայերը հերթով Ստամբուլ տեղափոխվեցին 1960-70թթ, այսօր մի քանի ընտանիք գյուղ է այցելում ամառները, կան նաև իսլամացված հայերի մի քանի տներ.։

Ի դեպ, 10 կուսգետցիների գնդակահարության պատմությունը որոշակիորեն արտացոլում է հայերի վիճակը Սասունում 1927-38 թթ. զինված ընդվզումների ընթացքում։ Գնդակահարությունները թուրք զինվորներն իրականացրեցին 1937-ին՝ թեև այս հայերը ոչ մի կապ չունեին ապստամբության հետ և գնդակահարության վայր էին բերվել խաբեությամբ:

Իրիցանք գյուղում ապաստանած հայերի տները թեև ավելի քիչ էին, սակայն պակաս բազմամարդ չէին: Վերջիններս դեռևս երեսուն տարի առաջ կրոնական ճնշումների հետևանքով տեղափոխվեցին Ստամբուլ:

Երեք քրիստոնյա ընտանիք դեռևս ապրում է Կոմեկ գյուղում:

Հասոփիկ, Նադոբան, Գետեր, Փողվարթ, Վարդնոց, Խարվեռ և Կորով գյուղերում մնացել են վերջին մի քանի կրոնափոխ հայ ընտանիքները: Բացի այդ, վերոնշյալ գյուղեր ամեն ամառ շարունակում են գալ ու հողագործությամբ զբաղվել տարիներ առաջ Ստամբուլ արտագաղթած բազմաթիվ քրիստոնյա ընտանիքներ։ Շատ հետաքրքրական է Փողվարթ գյուղի հայերի ճակատագիրը, որոնք գյուղում ներկայանում են որպես իսլամացված, սակայն Ստամբուլում ձմռանը այցելում են եկեղեցի ու վարում քրիստոնեական կենսակերպ։ Ի դեպ՝ նրանց նմանները Սասունում քիչ չեն։ Ըստ որոշ խոսակցությունների՝ Սասունում և Ստամբուլում կրոնական տարբեր ինքնություններով են ներկայանում նաև որոշ կուսգետցիներ, խարվեռցիներ, գետերցիներ։

Բավականին շատ հայ որբեր են պահվել Բադըրմուտ գյուղի քուրդ աղայի տանը, որոնց մի մասը փախչելով փրկվեց գերությունից։ Սակայն շատ հայ աղջիկներ և կանայք Բադըրմուտում ձուլվեցին պարտադրված խառնամուսնությունների պատճառով: Բադըրմուտի որբերից ոմանք, միմյանց հետ ամուսնանալով, կարողացան խուսափել ձուլումից, սակայն այդպես էլ չվերադարձան քրիստոնեության: Այդպիսի մի քանի ընտանիք ներկայում ապրում է Մշո դաշտի գյուղերից մեկում:

Դերե գյուղի միակ հայկական ընտանիքը ներկայում բնակվում է Սիլվանում։ Մեծահասակներն իսլամացվել են դեռևս ցեղասպանության տարիներին որբանալուց հետո:

Հազզո գյուղից հայերն արտագաղթել էին Սիրիայի Ղամիշլիի շրջան դեռևս 1930-ականներին:

Ընկուզնակ գյուղում մինչ օրս էլ ապրում են կրոնափոխ ընտանիքներ։ Սասունի վարչական կենտրոնին շատ մոտ գտնվելու պատճառով նրանք ավելի անազատ են հայկական ինքնությամբ ապրելու հարցում և ավելի հեռու են Սասունի մյուս հայերից, ովքեր հիմնականում բարձրադիր լեռնային գյուղերում են ապրում: Ընկուզնակում բազմաթիվ հայուհիների փախցրել են արաբներն ու քրդերը:

Ռըշնիկ գյուղի հայությունը նույնպես առանձին ուշադրության է արժանի․վերջիններս հանդիսանում են Սասունում քուրդ զինյալների դեմ պայքարող իշխանամետ զինված պահակախմբեր իառաջին անդամները և բավականին մեծ պարծանքով են պատմում այդ մասին։ Դեռևս ցեղասպանության շրջանում տեղի մուսուլման ցեղախմբերից մեկի կողմից իսլամացված հայ որբերի ժառանգները հանդիսացող այս հայերը շարունակում են ամուսնանալ միայն ազգակիցների հետ, արթուն են պահում ցեղասպանության մասին հիշողությունը, սակայն քրիստոնեությանը դառնալու մտադրություն չեն դրսևորում։

4. Փսանք (ներկայում Բաթման նահանգի Սասոն շրջան)

Հայաբնակ գյուղերը` Հռութ, Մըջգեղ, Փշուտ, Բըքսե, Խնձորենք, Մկթենք, Ռաբաթ, Զիլան, Շեն, Տանձի, Մրձանք, Տափլեր:

Հռութ և Փշուտ գյուղերը ցեղասպանությունից հետո մինչ 1980-ականների վերջը եղել են ամենախիտ հայ քրիստոնյա բնակչությունն ունեցող գյուղերն ամբողջ Սասունում: Նրանց մեծ մասը իմացել է հայերեն, սակայն երիտասարդ սերունդն ավելի շատ արաբախոսէ: Այսօր այդ գյուղերում քրիստոնյաներ ընդհանրապես չեն բնակվում։ Կան ընդամենը մի քանի կրոնափոխ հայ ընտանիքներ, սակայն նրանց քանակն էլ տարեցտարի նվազում է, իսկ քրիստոնեությունը պահած բազմաթիվ հայ գերդաստաններ մոտ 30 տարի առաջ բռնել են Պոլսի ճամփան։

Ի դեպ՝ Փշուտ գյուղի հայերն ամբողջ Սասունում միակն են, որոնք 1970-80-ականներին Սասունից դուրս գալիս հաջողել են չկորցնել իրենց գույքը՝ գյուղապետի միջոցով վաճառելով իրենց ամբողջ ունեցվածքն ու գումարը ստանալուց հետո նոր արտագաղթել։ Մինչդեռ քրիստոնյաներից դատարկված մնացյալ բոլոր գյուղերում արձնաագրվել են հայերի գույքի անօրինական հափշտակման դեպքեր, և հաճախ հայերը Ստամբուլ են հեռացել ձեռնունայն։

Մկթենք և Բըքսե գյուղերի հայերն իրականում նույն գերդաստանի անդամներն են։ Նրանք մկթենքցիների վերջին երկու ընտանիքներն էին Սասունում ցեղասպանությունից հետո: Սակայն Գևորգ Չաուշի ծննդավայր Մկթենքում հաստատված Կենդո աշիրեթի քրդերը բռնի գաղթեցրին այս վերջին երկու հայ ընտանիքներին դեպի Բըքսե գյուղ, որտեղ էլ նրանք ապրում են մինչ օրս։ Մեկ դար անց նրանք արդեն ոչ թե երկու, այլ մոտ երեսուն ընտանիք են: Բըքսեի հայերը մահմեդական են, հայերեն չգիտեն և քրդախոս են: Բըքսե գյուղն այդ շրջանի քիչ գյուղերից է, որի բնակչությունը հրաժարվեց կռվել քրդերի դեմ, ինչի պատճառով թուրք զինվորները 1990-ականներին երեք անգամ այրել են Բըքսեն:

Խնձորենք գյուղի քրիստոնյա հայերը վաղուց արտագաղթել են Ստամբուլ, թեև դատարանի միջոցով կարողացել են հետ ստանալ Սասունում իրենց պատկանած հողատարածքները, որոնք շարունակում են մնալ նրանց սեփականությունը։

Ռաբաթ և Զիլան գյուղերից վերջին հայերը գաղթել են 1930-40-ական, իսկ Մըջգեղից` 1970-ական թվականներին:

5. Մոտկան և Խութ (ներկայում Բիթլիս նահանգի Մուտկի շրջան)

Հայաբնակ գյուղերը` Նիչ, Արփի, Շենիստ, Թաղվուձոր, Տափ, Աղբնջեր, Քերհո:

Ներկայում պատմական Խութի Շենիստ գյուղում ապրում է ինն իսլամացված հայ ընտանիք, որոնք բավականին բազմանդամ են, ամուսնանում են միայն իրենց պես կրոնափոխ հայերի հետ: Վերջիններս ազատ խոսում են իրենց հայկական ծագման մասին, արաբախոս են, սակայն քաղաքական հայացքներով քրդամետ։

Մի քանի կրոնափոխ հայ ընտանիք դեռևս ապրում է Աղբնջեր գյուղում: Թաղվուձոր գյուղի հայերը նույնպես դեռևս պահել են հայկական զգացումն ու ներհամայնական ամուսնությունների ավանդույթը, ինչպես և վերը նշված երկու գյուղերի նրանց հայրենակիցները, սակայն ցավոք, նոր սերունդը հայերենն արդեն մոռացել է։

Նիչը և՛ ցեղասպանությունից առաջ, և՛ հետո եղել է Մոտկան գավառի ամենահայաշատ գյուղը:

Ցեղասպանությունից հետո այստեղ ապրող հայ ընտանիքների թիվը հստակ չէ, քանի որ քրիստոնյա նչեցիները, տարբեր հանգամանքներից ելնելով, հաճախ արտագաղթել, բայց նորից ետ են վերադարձել գյուղ: Նչեցիները նաև հաճախ տեղափոխվել են կողքի գյուղերը` հիմնականում Արփի գյուղ: Այսօր Նիչի և Արփիի հայերի բազմաթիվ գերդաստանների կարելի է հանդիպել Ստամբուլում, որոնք քաղաք հասնելուն պես մկրտվել են ու վերականգնել հայկական անունները: Ներկա պահին Նիչում մնացել է մեկ քրիստոնյա տուն և բազմաթիվ կրոնափոխներ, Արփիում բոլորը կրոնափոխ են:

Մոտկան գավառի և հատկապես այս երկու գյուղերի հայերի գլխավոր առանձնահատկությունը կարելի է համարել այն, որ թե՛ քրիստոնյա, թե՛ կրոնափոխ՝ նրանք ցեղասպանությունից հետո ութ-ինը տասնամյակ շարունակել են օգտագործել հայերենը: Թեև Մոտկանի գյուղերի հայության մեծ մասը բացի հայերենից տիրապետել է նաև արաբերենի, քրդերենի (քուրմանջի) և զազայերենի, սակայն նրանց շրջանում եղել են նաև հայեր, ովքեր, բացի հայերենից, այլ լեզու չգիտեին: Ավելին՝ նրանց հարևան արաբներն ու քրդերը նույնպես հայերեն էին խոսում նրանց հետ: Այս սասունցիները նաև միակն են, որոնց քրիստոնյա հատվածը Ստամբուլ տեղափոխվելուց հետո անգամ տանը շարունակում է խոսել բարբառով։

Քերհո գյուղի հայերն աքսորվել են 1937-ին: Թուրքիայի արևմուտքում անցկացրած աքսորի տարիներից հետո միայն երկու ընտանիք կարողացավ վերադառնալ գյուղ։ Ընտանիքներից մեկը իսլամացավ և մնաց հայրենի գյուղում, իսկ մյուսները Քերհոյում ապրուստ չհայթհայթելու պատճառով բռնեցին նախ՝ Սղերդի, իսկ այնուհետև՝ Ստամբուլի ճանապարհը: Վերջինններս երկար տարիներ ծպտյալ կերպով պահպանեցին քրիստոնեությունը, իսկ Ստամբուլ հասնելուց հետո մկրտվեցին:

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

8 Replies to “Սասունն ու Սասունի հայերը Ցեղասպանությունից հետո մինչ այսօր”

  1. Տիգրան Թովմասյան says:

    Նախ շատ շնորհակալություն բովանդկալից ուսումնասիրության համար։Իմ Պապը գաղթել է Սասոնի Բսանք գավառի Կորնգես գյուղից, որը կարծեմ մինչև հիմա նույն անունն է կրում և գտնվում է Սասուն բնակավայրին մոտ։ Որևե ինֆորմացիա ունե՞ք այդ գյուղի մասին։

  2. Մկրտիչ says:

    Շատ շնորհակալություն տեղեկության համար։
    Իմ պապերը գաղթել են Մոտկանի Արփի գյուղից։
    Կարող եք ինձ օգնել ինչ որ Արփեցու հետ կապ հաստատել, կամ ինչպես դա կարելի է անել։

  3. Arakel says:

    cavum em hayeren chgrelu hamar voghchunum em heghinakin yev spasum nor hodbvatsneri

  4. Ալբինա says:

    Իմ պապիկը Սասունի Գեղաշեն գյուղից է եղել,Պոլիկի տոհմից,հնարավո՞ր է պապիկիս գյուղի մասին տեղեկություն ունենաք։Գեղաշենը Սեմալի հարևանությամբ է եղել։

  5. Hello boy! you wanna see more nudes? Check my videos for link! https://allinna.page.link/zmHh says:

    I want to have some fun and to play dirty
    https://katty.page.link/SSHV

  6. Your quickest road to $10,000 profit guaranteed You can’t lose with it. Here is how: https://fcclkabinet.page.link/nzbN4n5rxQWwuPJJ6 says:

    And no matter the price falls down or rises up – you win!… ”
    https://returnofprofit.page.link/nzq5vv8FjgMz7BDq7

  7. …it's FREE to use and you can receive your first commission payment within 24 hours. 1 https://fondkremlin.page.link/YAMgxoe5kAE3Bkyt7 says:

    Note: You are ONLY receiving this because they submitted your email address.
    1 https://financialpayment.page.link/gxDUYELxdmZpWd7h8

  8. MichealSmuts says:

    Воспользоваться трейдерской площадкой hydra ссылка непросто. Специально для Вас мы подготовили все возможные варианты облегчения данной проблемы. Разработанная нами неизменно рабочая hydra ссылка позволит свободно и очень быстро открыть портал в обыкновенных интернет-браузерах, таких как Opera, Яндекс.Браузер, Google Chrome и т.д. Для перехода достаточно кликнуть на кнопку ОТКРЫТЬ и воспользоваться услугами торговой площадки Hydra. Имея цель защиты абонента от подлога и предотвращения перехода по фишинговому адресу, мы показали ссылку на торговую платформу Гидра, с опцией ее тиражирования (путем нажатия клавиши СКОПИРОВАТЬ) и использования в защищенном Tor браузере. Наша задача упростить пользователям вход к гидре и таким образом сделать возможным платформе развертываться и преуспевать, мы за беспрепятственный интернет без общественно-политических ограничений.

Թողնել մեկնաբանություն

Your էլ․ հասցե address will not be published. Required fields are marked *