Հայ-թուրքական հարաբերությունները 2012 թվականին
05/01/2013
0 մեկնաբանություն
Թուրքիայի գրեթե ողջ արտաքին քաղաքական ներուժը 2012 թվականին կենտրոնացած էր «արաբական գարնան» զարգացումների, հատկապես Սիրիայի հետ կապված գործընթացների վրա:
2009 և 2010 թվականներին Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը հանդիսացող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը 2012 թվականին որևէ շոշափելի առաջընթաց չարձանագրեց: Ընդհանրապես, վերջին երկու տարիներին Թուրքիան հստակ ցույց է տալիս, որ առավել հետաքրքրված է Մերձավոր Արևելքի հետ կապված գործընթացներով և սակավ են պաշտոնական Անկարայի փորձերը Հարավային Կովկասում ներգրավվածության հարցում: Սա պարզ երևաց նաև Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, ինչն էլ ավելի ընդգծվեց 2012 թվականին: Միևնույն ժամանակ զգացվում է, որ Թուրքիան ներկայում գտնվում է սպասողական վիճակում:Իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանը նույնպես պատճառներ ունի նման կարևորության գործընթացը չվերսկսելու, քանի որ ամիսներ 2013-ին սկզբին նախագահական ընտրություններ էին, ինչը ենթադրում է արտաքին քաղաքականությունում կարևոր քայլերի զգալի նվազեցում և որոշակի պասիվություն երկարատև, բարդ ու անկանխատեսելի գործընթացներում:Այնուամենայնիվ, թուրքական կողմը տարվա ընթացքում հասցրեց հնչեցնել հերթապահ հայտարարություններն այն մասին, թե հայ-թուրքական մերձեցման գործընթացը դեռ վերջնականապես չի մարել և հնարավոր են առաջ քայլեր: Սակայն նմանատիպ բոլոր հայտարարություններում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները շտապում էին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերահաստատումն ու սահմանների բացումը կապել Արցախյան հակամարտության լուծման հետ: Ենթադրելի է, որ լուծում ասելով` թուրքական կողմն ի նկատի ունի Արցախյան հակամարտության հանգուցալուծումը հօգուտ Ադրբեջանի: Ժամանակ առ ժամանակ թուրք պաշտոնյաները նշում էին, որ գործընթացը նոր թափով վերսկսելու համար անհրաժեշտ է Հայաստանի կողմից «փոխզիջողական», «նախաձեռնողական» մոտեցումներ:Ի մի բերելով թուրքական կողմի հայտարարությունները, ստեղծված իրավիճակն ու կողմերի որդեգրած դիրքորոշումները` պետք է փաստել, որ 2012 թվականը երկու պետությունների միջև հարաբերությունների վերականգնման գործընթացի համար որևէ արդյունք չունեցավ:Ամեն դեպքում, այս գործընթացը հատկապես Թուրքիայի համար չի կորցրել իր կարևորություն: 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ինչին Թուրքիայում լրջորեն պատրաստվում է, և հնարավոր է` Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ պաշտոնական Անկարան իր հաշվարկներն ունենա: Թուրքիան արձանագրությունների գոյությամբ (թեև գործընթացը սառեցված է, սակայն իրավաբանորեն այն ավարտված չէ) նաև որոշակի ազդեցություն է ունենում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դանդաղեցման վրա. քիչ չեն եղել թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է ազդել Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացին:
Միևնույն ժամանակ հստակ է, որ երկու պետությունների միջև հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ են նոր հստակ քայլեր, քաղաքական կամք և որ առավել կարևորն է` հասարակության համապատասխան տրամադրվածությունը:
Գևորգ Պետրոսյան, թուրքագետ