Թուրքիայում զբաղվում են միացյալ թյուրքական լեզվի ստեղծման աշխատանքներով. նախարար

Թուրքիայի կրթության նախարարը հայտարարել է, թե «թյուրքախոս պետությունները հաջողությամբ են իրացնում միացյալ թյուրքական լեզու ստեղծելու ծրագիրը»։

Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըն մասնակցել է Էսքիշեհիրում կայացած «Ադրբեջան Բաքու» միջոցառմանը, որի ժամանակ էլ խոսել թյուրքական լեզուների մասին, տեղեկացնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը։

«Մենք սկսել ենք մի նախագիծ, որով պետք է փորձենք թուրքերենը, Ստամբուլի թուրքերենը հասկանալի, ընթեռնելի և ընկալելի դարձնել բոլոր թյուրքախոս ժողովուրդների համար։ Բացի այդ, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ նույնպես թյուրքական միացյալ լեզվի ուղղությամբ նախագծեր են իրականացվում»,-նշել է Թուրքիայի կրթության նախարարը։

Ավջըն նաև հավելել է, որ իրենք իրականացնում են թյուրքախոս երկրների երեխաների համար պատմության և աշխարհագրության միացյալ ուսուցանման ծրագրեր։

Նշենք նաև, որ Էսքիշեհիրն ընտրվել է թյուրքախոս երկրների 2013 թվականի մշակութային մայրաքաղաք։

allTurkey.am